Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները., որ երեխաներն ուղարկում են մեզ։

 

Սովորաբար ծնողները և ուսուցիչները առաջինն են նկատում, որ երեխան ունի հուզական կամ վարքային խնդիրներ։ Ստորև ներկայացված են մի քանի վարքագծային դրսևորումներ, որոնք էլ կարող են երեխայի մոտ բացահայտել հոգեկան կամ հուզական խնդիրների առկայությունը

 

  • փոփոխություններ քնելու կամ սնվելու սովորության մեջ,

  • հաճախակի կամ մշտական մղձավանջեր,

  • երեխայի վարքագծի փոփոխություն,

  • դպրոցական առաջադիմության հանկարծակի անկում կամ վատ գնահատականներ` դասերի պատրաստման ջանքերից անկախ,

  • հետաքրքրության կորուստ դեպի նախկինում զվարճություն պատճառող գործունեության տեսակները,

  • շփման դժվարություններ,

  • մեկուսացման ձգտում,

  • տխրություն, երբեմն` չնչին պատճառներով պոռթկումներ կամ լաց,

  • տրամադրության հաճախակի անբացատրելի փոփոխություններ,

  • չափազանց անհանգիստ կամ վշտացած վիճակ` արտահայտված դպրոց գնալու, քնելու, իր տարիքում համապատասխան գործունեության մեջ մասնակցելու դժկամությամբ և մերժմամբ։

 

Երբեմն վերը նշված դժվարությունները արտահայտվում են նաև այլ ձևերով.


  • հարկադրաբար կրկնվող վարքագծերը կամ գործողությունները` ինչպես, օրինակ, ձեռքերն անընդհատ լվանալը կամ ինչ-որ բան կրկին և կրկին ստուգելը,

  • չափազանց ակտիվ լինելը` անտեղի վազելը կամ մագլցելը, անընդհատ շարժվելը,

  • կենտրոնացման դժվարությունը,

  • գոռալու, բողոքի պոռթկումները, անբացատրելի գրգռվածությունը կամ լացը,

  • հաճախակի անհնազանդությունը կամ ագրեսիան (երբեմն` ամիսներ տևող) և արտահայտված ընդդիմադիր կեցվածքը հեղինակությունների նկատմամբ։

 

Մանկության տարիներին առկա հոգեկան առողջության խնդիրները կարող են ավելի մեծ դժվարությունների հանգեցնել մեծ տարիքում, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ապագայի առողջության և վերարտադրողականության համար։

 

Համաձայն լայնամասշտաբ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների` ամբողջ աշխարհում տարածված հիվանդությունների 12%-ը հետևանք են մտավոր և վարքագծային խանգարումների (ԱՀԿ 2001 թ.)։

 

Սոցիալական խնդիրների ազդեցության ըմբռնումը


Համաշխարհային, սոցիալական, քաղաքական և առողջական ճգնաժամերը նշանակալից ազդեցություն են թողնում երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։

 

Երեխաների և պատանիների շրջանում դեպրեսիան լուրջ խանգարում է, և որքան էլ ցավալի է, վերելք է ապրում։ Երեխաների 2.5%-ը և պատանիների 8.3%-ը ցանկացած ժամանակ կարող են տառապել դեպրեսիայով, իսկ պատանիների միջին հաշվով 7%-ը կարող է նույնիսկ ինքնասպանություն գործել (Բիրհամեր 1996 թ., Ուեսմն 1999 թ.)։

 

Հուզական խանգարումներ


Հուզական խանգարումները նույնպես բարձր տարածվածություն ունեն մանկական և պատանեկան հասակներում։ Չնայած որոշ չափով հուզականությունը բնական է երեխայի զարգացման գրեթե բոլոր փուլերում, սակայն բնականոն վարքագծին և դպրոցական կամ աշխատանքային գործունեությանը խանգարող հուզականությունը կարող է ավելի լուրջ խնդրի ազդանշան լինել։ Ցանկացած 6-ամսյա ժամանակահատվածում երեխաների և պատանիների 13%-ը կարող են տառապել հուզական տարբեր խանգարումներով, որոնց ընդհանուր ախտանիշները ներառում են տագնապներ, կպչուն-սևեռուն խանգարումներ, ֆոբիաներ և այլն... Հայաստանի իրավիճակում առանձին ուշադրության են արժանի հետտրավմային սթրեսի հետևանքով առաջացած դժվարություններն ու խանգարումները։

 

Ծայրահեղ ցավալի իրադարձությունները` ինչպիսիք են բռնությունը, պատերազմը, բնական աղետները, հաճախ ստիպում են հոգեբանական տրավմա վերապրել, այդ թվում` նաև երեխաներին։ Նման հանգամանքներում տրավման բնական է և կարող է ուղեկցվել ծայրահեղ հուզականությամբ, մղձավանջներով, լացով, գրգռվածությամբ, սոցիալական մեկուսացմամբ, մեղքի զգացմամբ կամ այլ ախտանիշներով, որոնք կարող են շարունակվել որոշ ժամանակ։ Եթե, վերջիվերջո, ախտանիշները չեն մեղմանում, երեխաների մոտ կարող են զարգանալ հետտրավմային խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրավմատիկ դեպքից հետո հնարավոր երկարաժամկետ և քրոնիկ խնդիրներով։

 

Վարքի խանգարումներ


Բոլոր երեխաներին երբեմն հատուկ է ընդդիմադիր վարքագիծ։ Վարքի խանգարման ծայրահեղ և ամենամտահոգիչ տարբերակը պատանեկան տարիքում կարող է հանգեցնել ինքնասպանության վարքագծի բարձր ռիսկի։ Վարքի խանգարման որոշ ախտանիշներ ներառում են` ագրեսիա մարդկանց կամ կենդանիների նկատմամբ, ունեցվածքի, գույքի վնասում, ստախոսություն կամ գողություն, սոցիալական կանոնների լուրջ խախտում։

 

Հատկապես կարևոր է նշել, որ այս ախտանիշները ցուցաբերող երեխաները կարող են տառապել մտավոր առողջության այլ խանգարումներով և կարիք ունեն հետագա ախտորոշման ու բուժման։

 

Դաժան վարքի տեսակները


Երեխաների և դեռահասների դաժան վարքը կարող է տարբեր լինել` տրամադրության կատաղի պոռթկումներ, ֆիզիկական ագրեսիա, կռիվներ, սպառնալիքներ կամ ուրիշներին վնասելու փորձեր (ներառյալ մարդասպանության մտքեր), հրազենի օգտագործում, դաժանություն կենդանիների հանդեպ, հրդեհի կազմակերպում, սեփականության դիտավորյալ վնասում կամ վանդալիզմ։

 

Դաժան վարքին նպաստող գործոնները


Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործոնների մի խումբ կա, որոնք մեծացնում են երեխայի կամ դեռահասի կողմից կատարած բռնության հավանականությունը`

 

  • նախկինում դրսևորած ագրեսիվ կամ դաժան վարքը,

  • ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ լինելը,

  • ընտանիքում կամ հասարակության մեջ բռնության ենթարկված լինելը,

  • ժառանգական նախատրամադրող գործոնների առկայությունը,

  • լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, կինոնկարներ և այլն) բռնության դիտումը,

  • թմրադեղերի կամ ալկոհոլի օգտագործումը,

  • տանը հրազենի առկայությունը,

  • գլխի վնասվածքից ուղեղային խանգարումները,

  • ընտանեկան սթրեսային և սոցիալ-տնտեսական վիճակները (չքավորություն, ծնողների բաժանություն, միակողմանի ծնողազրկություն, անգործություն, ընտանիքի կողմից աջակցության բացակայություն)։

 

Որո՞նք են երեխայի դաժան վարքի նախանշանները


Հատուկ ուշադրության են արժանի հատկապես այն երեխաները, ովքեր ունեն դաժան վարքին նպաստող մի քանի գործոն և դրսևորում են հետևյալ վարքագծերը`

 

  • չափազանց զայրույթ,

  • տրամադրության կատաղի պոռթկումներ,

  • ծայրահեղ գրգռվածություն,

  • ծայրահեղ իմպուլսիվություն կամ ճնշվածություն։

 

Ծնողները, ուսուցիչները և բուժաշխատողները երեխայի նման վարքագիծ նկատելիս չպետք է այն անուշադրության մատնեն։

 

Ի՞նչ կարելի է անել, եթե երեխան ցուցաբերում է դաժան վարք


Երբ ծնողները, ուսուցիչները կամ ընտանեկան բժիշկը երեխայի վարքում բռնության հանդեպ միտումներ են նկատում, նրանք պետք է անհապաղ դիմեն որակավորված մանկապատանեկան հոգեբույժի` երեխայի բազմակողմանի գնահատում անցկացնելու համար։ Շատ կարևոր է մասնագիտական վաղ միջամտությունը։ Բուժման հիմնական նպատակներն են. օգնել երեխային` սովորել կառավարելու իր զայրույթը, պատշաճ կերպով արտահայտելու զայրույթն ու ճնշվածությունը, պատասխանատու լինելու սեփական արարքների և դրանց հետևանքների համար։ Ավելին` երեխան պետք է կարողանա արտահայտել իր մտահոգությունները և չթաքցնի ընտանեկան ընդհարումները, դպրոցի խնդիրներն ու հասարակական դժվարությունները, եթե այդպիսիք կան։

 

Կարելի՞ է, արդյոք, կանխել երեխայի դաժան վարքը


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխայի դաժան վարքը կարելի է մեծապես պակասեցնել և անգամ կանխել, եթե լինել ուշադիր վերոհիշյալ վտանգավոր գործոնների նկատմամբ, որոնք իրենց հերթին պետք է հասցնել նվազագույնի։ Ամենակարևորն է երեխայի նկատմամբ առավելագույնս նվազեցնել բռնությունը տանը, հասարակության մեջ և այն բռնությունը, որին նա ծանոթանում է լրատվամիջոցներից։ Ավելի պարզ ասած` բռնությունը հանգեցնում է բռնության։ Երեխայի հակումը դեպի բռնություն հնարավոր է կանխել կամ նվազագույնի հասցնել հետևյալ ռազմավարական ձեռնարկումների միջոցով.

 

  • կանխելով բռնությունը երեխայի նկատմամբ (օգտվելով ծնողների համար նախատեսված հատուկ կրթական ծրագրերից, ընտանեկան աջակցության ծրագրերից և այլն),

  • օգտվելով երեխաների սեռական դաստիարակության և դեռահասներ ունեցող ծնողների համար նախատեսված հատուկ կրթական ծրագրերից,

  • դրսևորելով վաղ միջամտություն բռնություն ցուցաբերող երեխաների հանդեպ,

  • ուշադիր լինելով հեռուստատեսային ծրագրերի, կինոնկարների, տեսաժապավենների հանդեպ, որոնք դիտում են երեխաները։

 

Թե՛ երեխաները և թե՛ պատանիները ժամանակ առ ժամանակ կարող են լինել գերակտիվ կամ՝ անտեսված, ընկճված (ավերող), ինչն Ուշադրության Դեֆիցիտի Գերակտիվության Խանգարումն է (ՈՒԴԳԽ)։

 

Հայաստանում կարևոր խնդիր է նաև խարանը (ստիգման)


Խարանը բխում է ոչ միայն լայն հասարակությունից, այլև` բժշկական բնագավառի մասնագետներից, ընտանիքներից և, որ շատ կարևոր է` հաճախ հենց այն անձից, ով ունի խնդիր։

 

Այդ երևույթից` խարանից, տառապողների զգացողությունները տատանվում են վախից և անհամապատասխանության զգացումից մինչև մերժված, մեկուսացված լինելու հոգեվիճակը, հուսալքվածության զգացումը։ Խարանը կարող է հանգեցնել վատ վերաբերմունքի և բռնության։ Այս գործոնները հաճախ կարող են պատճառ լինել, որ հոգեկան հիվանդությամբ տառապողներն այլևս օգնության չդիմեն։

 

Հակախարանային դաստիարակությունը, որն ուղղված կլինի վերաբերմունքները փոխելուն, չափազանց էական է։ Այսպիսի կրթություն պետք է ստանան և՛ լայն հասարակությունը, և՛ հատկապես մանկավարժներն ու բժշկական բնագավառի մասնագետները, քանի որ շատ հաճախ, զարմանալիորեն, հենց ա'յս մասնագետներն իրենք են հանդիսանում հոգեկան հիվանդությամբ տառապողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի աղբյուր։

Հեղինակ. ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ. ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր...

Դեղամիջոցներ
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո»...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները...

Թեստեր Ես
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Երկաթ
Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին...

Վիտամիններ և միներալներ
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ